Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայոց Նեմեսիսը որպես հրապարակախոս

Հայոց Նեմեսիսը  որպես հրապարակախոս
25.04.2014 | 11:25

Ահավասի՛կ, նվիրական անուն` Շահան Նաթալի, որքան հանրահայտ, այնքան էլ` անհայտ ու չարժևորված:
Նա ազգային-հրապարակախոսական և գեղարվեստական բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ է: Սակայն դրանք, ընդհանուր առմամբ, անծանոթ են, անգամ` անհասու, և պահպանվել են եզակի օրինակներ: Այս հանգամանքը հատկապես վերաբերում է այն հոդվածներին, որոնք շարադրված են հայրենասիրական խիզախությամբ, հայրենատիրության վսեմ զգացումով ապացուցված է սին թրքասիրության սնանկությունը և հայրենացավությամբ քննադատված՝ ազգակործան «կուսակցագարութիւնը»: Այդ ամենն առաջին հերթին և գերազանցապես պետք է արժևորել` նկատի ունենալով դրանց հայրենատիրական գաղափարների քարոզչության հրատապությունը, անհրաժեշտությունը և կարևորությունը:
Ո՞րն է Շահան Նաթալիի հրապարակախոսության գաղափարական առանցքը:
Նա թուրքին ճանաչելու երկու հատկանիշ է ներկայացնում. 1) «Ծովերով արիւնը կրցած է վերջապէս աւելի իրապաշտ դարձնել մեզ եւ հետզհետէ կտրատել մեր երեւակայութեան թելերը օտարներու յոյսերէն», 2) «Լուռ ընդվզում մըն է այն աղտաւոր միամտութեան դէմ, որ մեր արիւնները մարզարան դարձուց մակերեւութային փորձարկուներու»: Ըստ նրա իրավացի և արդիական հնչեղության կարծիքի. «Դժբախդութիւնն այն է, սակայն, որ... դեռ մեզի կը պակսի հարցերուն մօտենալու իսկական ձեւը»:
Նա գրում է «այն քիչերուն համար, որ չեն վախնար սրբազան խելագարութիւններէ անգամ` ապրելու համար աւելի երկար` քան թուրքը», քանզի խորապես համոզված է այն բանի ճշմարտացիության մեջ, որ. «Ազգերը փրկուած են միշտ խելագար քիչերու ձեռքով: Եւ հայ ազգը զուրկ չէ սրբազան խելագար քիչերէ, որովհետեւ անապատի աւազի չափ շատ են աւազացած նահատակները»:
«Թո՞ւրքը շուտ կմեռնի, թէ՞ մենք» հարցադրմանը նրա պատասխանը միանշանակ հստակ ու վերջնական է. «Թուրքը կը մեռնի»:
ՈՒշագրավ և հայրենացավ կերպով դիտարկելով սփյուռքահայության հոգեբանական վիճակը` նրան ամենևին չի հետաքրքրում հայության այս հատվածի քանակը, այլ այն, թէ «հայը իբր Հայաստանի պիտանի քաղաքացի ի՞նչ պիտի ներկայացնէ», ինչքան է նա «այսօր հետաքրքրվում հայով ու Հայաստանով»: Արդյունքում ցավալիորեն հաստատագրում է, թե սփյուռքահայության մեջ Հայրենիք վերադառնալու բաղձանքը գրեթե բացակա է. «Ան, որ ծածկ մը գտաւ գլուխը հանգչեցնելու, կտոր մը հաց` փորը կշտացնելու եւ վստահութիւն մը, որ զինքը չեն քշեր իր գտնուած տեղէն, ան, այդ հայը, ամէն անցնող օրի հետ թել մը կը կտրատէ թէ՛ հայութենէն, թէ՛ Հայաստանէն»:
Ահավասի՛կ, այս առումով միանգամայն ընդունելի է Նաթալիի հայրենատիրական հավատամքը. «Քաղաքական առողջ հասկացողութեան առջեւ անզօր է «ա՜խ երկիրս երթամ ու հոն մեռնիմ»-ի կարօտը: Հայրենիք մը ո՛չ անկելանոց է, ո՛չ ալ գերեզմանոց»:
Այո՛, տեղին և անողոք է «թուրքն ինքնիրեն կը մեռնի»-ի ու «նստինք ու սպասենք» կրավորական կեցվածք որդեգրածների նաթալիական քննադատությունը, քանզի դժբախտաբար. «Թուրքը, որ չճանչցանք երէկ` չենք ճանչնար այսօր»: Ահա՛, եղեռնի ողբերգությունն ապրած, բայց և Հայոց ոգեղենության անսպառ ներուժին հավատավոր վրիժառուն պատգամում է. «Չէ՛, ալ հերիք է, ոտքի կանգնէ՛, հայ ժողովուրդ: Նստած սպասելով` մեռնելէն պատւաւոր է կանգնած մեռնիլ»:
Վերջին տարիներին ապաշնորհ ու հայրենադավ ձևով մեր իրականության մեջ փորձում է գլուխ բարձրացնել «թրքասիրությունը», հիմնակետ ունենալով` թե ներկա թուրքն այլևս նախկինը չէ, «բարեփոխուել» է, եվրոպացի «դարձել»: Հենց նման մտամոլորների սնանկությունն է հիմնավորապես փոշիացնում Նաթալին. «Կը փոխուին, այո՛, կը փոխուին: Բայց աւելի ու աւելի դէպի ոճրագործի կատարելատիպ: Թուրքը ֆէսով թէ գլխարկով, շալվարով թէ տափատով, շէրիաթով թէ զուիցերիական օրէնքներով, արաբերէն թէ լատինական տառերով… նոյն թուրքն է` ոճրագործ եւ հայակեր: Ո՛չ միայն նոյնն է, այլ աւելի նրբացած, լրբացած ու համայնակուլ: Ան եթէ կարենայ բարեփոխուիլ անգամ ամէն մարզի մէջ, հայակերութեան տեսակէտէ միայն կը չարափոխուի, մինչեւ հայկական բնաջնջում»: Որովհետև դրա չվիճարկվող հավաստիությանը նա սեփական կյանքում էր համոզվել. «Մենք ծնունդն ենք այդ օրերուն: Մեր մանուկ աչքերով տեսանք դիակներու կոյտերը, մեր թաթիկներով թաղեցինք մեր հայերու մեռելները ու մեր կեանքը եղաւ որբի եւ հայ որբի կեանքը»:
Պայքարողի ոգուն զուգահեռ կամ ի հակակշիռ Նաթալին «հայ հոգիին մէջ պահուըտած» հետևյալ վտանգն է տեսնում, որն է. «Հայ-թուրք համերաշխութիւն», և մարգարէանում. «Այսօր կայ ան, վաղը աւելի պիտի շեշտուի»:
ՈՒշագրավ են նրա դիտարկումները ՀՅԴ գործունեության, կովկասյան ժողովուրդների տարաբնույթ դաշինքների, հայության որդեգրելիք աշխարհաքաղաքական կողմնորոշումների վերաբերյալ: Օրինակ, բազմիցս չարչրկված ռուսի՞ն, թե՞ թուրքին հարցադրմանը նա պատասխանում է. «Ռուսիա թուրքէն նուազ թշնամի է հայութեան: Ռուսիա անկախութիւնը կը խեղդէ, Թուրքիա` հայութիւնը»:
Շահանը երկերում վերլուծել է նաև «Հայ Յեղափոխութեան»` ազգային-ազատագրական պայքարի, անցած ուղին` հատկապես կուսակցական-քաղաքական հարթության ենթատեքստում, տվել այդ ամենի ներքին կողմերի տեսությունը, անդրադարձել կուսակցությունների հիմնման պարագաներին, արդարացի քննադատել «կուսակցագարութիւնը»:
Ինչ խոսք, մեկ հոդվածի շրջանակներում անհնար է ներկայացնել Նաթալի հրապարակախոսին, վերլուծել և գնահատել նրա հրապարակախոսական արժեքավոր ժառանգությունը: Փոխարենը, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, մեր խորին համոզմամբ, արդեն վաղուց հրատապ անհրաժեշտություն է Շահան Նաթալիի ազգային-քաղաքական երկերի հատընտիրի հրատարակումը, ինչն արդիական հնչեղությամբ Արցախյան ազատամարտում հաղթանակած մեր նորանկախ երիտասարդ սերնդի հայրենատիրական դաստիարակության գործում կարևորագույն դերակատարություն կունենա:


Ավագ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2013

Մեկնաբանություններ